Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունն աճել է

Հայաստանում ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունն ավելացել է, սակայն սահմանված վնասաբերության մակարդակից դեռևս ցածր է:

Ինչպես տեղեկանում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ 2017 թվականի փետրվար ամսվա դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 72%, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 22 տոկոսային կետով։

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ համակարգի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս ապահովագրական ընկերությունների կողմից տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ փետրվար ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 451 հազար 62, ինչը նախորդ ամսվա համեմատ գրեթե չի փոփոխվել:

Միևնույն ժամանակ, փետրվար ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1.1 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 270 մլն ՀՀ դրամով:

Հաշվետու ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 6 հազար 369, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 1090-ով։

Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2017թ. փետրվար ամսվա դրությամբ կազմել է 170 հազար 924 ՀՀ դրամ:

Share