Բաժին. Տնտեսական

ԶՊՄԿ ղեկավարը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում հավելյալ արժեքի ստեղծումը

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները և կառավարությունը դեռ անելիքներ ունեն ոլորտում հավելյալ արժեք ստեղծելու ուղղությամբ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը դրական է գնահատում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման դինամիկան, բայց գտնում է, որ անելիքներ դեռ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պոլոսկովն ընդգծեց, որ կարևորում է կառավարության և հասարակության այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում ևս պետք է հավելյալ արժեք ձևավորվի: «Մոլիբդենի գծով, եթե նայում ենք մեր արտադրությանը, այդ հավելյալ արժեքն ապահովված է, պղնձի գծով`դեռ ոչ: Այստեղ անելիքներ ունենք թե մենք, թե Հայաստանի շուկայում գործող մեր գործընկերները, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը, որպեսզի փորձենք ընդհանուր եզրեր և լուծումներ գտնել»,- ասաց Մհեր Պոլոսկովը:

Նա հավելեց, որ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտը և պահպանելով զարգացման դինամիկան, պարտավոր են հասկանալ, որ սա միակ ոլորտը չէ, որ պետք է զարգանա: «Մենք` որպես հասարակության մի մաս, ոչ միայն հանքարդյունաբերությանն ենք նայում, այլ հասկանում ենք, որ ընդհանրապես բիզնեսի զարգացումը պետք է լինի բազմազան, ինչը կապահովի պետության զարգացման բալանսը»,- ասաց Պոլոսկովը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարը նաև ասաց, որ դրական է գնահատում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման վերաբերյալ կառավարության տեսլականը: Նա հայտնեց, որ հանդիպել և ոլորտի առաջընթացի հեռանկարները քննարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Մենք այստեղ կարևոր երկու ուղղություն ենք տեսնում: Առաջին կարևոր ուղղությունը ի օգուտ հասարակության ձևավորվող ոլորտի զարգացման դինամիկան պահպանելն ու զարգացնելն է, իսկ երկրորդը` բնապահպանական և այլ կարևոր հարցերի նկատմամբ խիստ դիրքորոշումը: Ես կարծում եմ, որ սա ճիշտ վերաբերմունք է»,- եզրափակեց Մհեր Պոլոսկովը:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում`22 մետաղական:

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաև նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում, բացի հիմնական մետաղներից, բացահայտված է հազվադեպ և ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն:

Share