Բաժին. Տնտեսական

Աբու Դաբիի համաժողովի գործնական արդյունքները. էներգետիկա և օրգանական սննդի արտահանում

«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Մասնավորապես.

1. «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խմբի և «Estekshaf Investment Company»-ի միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացում: Նպատակը ցածր արտադրողականություն և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված  փոքր ՀԷԿ-երի արդիականացումն է:

2. «Թամարա Ֆրութ» ՓԲԸ և «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերության միջև կնքվել է բացառիկ պայմանագիր՝ արաբական վեց երկրներում 5 աստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցային համալիրներին օրգանական սնունդ մատակարարելու վերաբերյալ։ Առաջին խմբաքանակի արտահանումը նախատեսվում է 2017 թ. ապրիլի առաջին տասնօրյակում։

3. Հայ-Էմիրաթական գործարար միությունը և «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերությունը կնքել են հուշագիր՝ Հայաստանում օրգանական սննդի վերամշակման կենտրոնի բացման վերաբերյալ։

Ներդրումային համաժողովի ընթացքում կայացել են նաև գործարար հանդիպումներ (B2B) հայկական և արաբական մինչև 100 ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Անցկացվել է հայկական ապրանքների համտես, որին ներկայացվել են բնական աղբյուրի ջրեր, օրգանական հյութեր, կոմպոտներ, մրգային պահածոներ, մեղր, շոկոլադ, չրեր, թարմ մրգեր արտադրող ավելի քան 10 ընկերության արտադրանք։

Share