Բաժին. Տնտեսական

Մոսկվայում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական տաղավարի տարածքում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը՝ մասնակցությամբ Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության ներկայացուցիչների, ռուսաստանյան զբոսաշրջային օպերատորների ու լրատվամիջոցների:

Շնորհանդեսի նպատակն էր բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես։ «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հյուրերի համար բացահայտել է հայկական պարարվեստը: «Մարաշլեան ռետրո ֆոտո ատելիեն» շնորհանդեսին ներկայացել է հայկական տարազների հավաքածուի նմուշներով և լուսանկարների ցուցահանդեսով:

Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես են եկել զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Շնորհանդեսը վարել է Գայանե Բրեիովան։

Միջոցառման ընթացքում իրականացվել է խաղարկություն, որի հաղթողը հնարավորություն կունենա շահելու անվճար ուղևորություն դեպի Հայաստան։

Շնորհանդեսի աջակիցներն են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային վարչությունը՝ «Ռոստուրիզմ»-ը:

Share