Բաժին. Տնտեսական

Ավելացել է Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը

Ավելացել է գործընկեր-երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր է ներմուծվել 339.2 տոննա ապրանք՝  2 մլրդ 456.6 մլն ՀՀ դրամ կամ 5 մլն 53.1 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2.6 անգամ:

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 39.5%-ը բաժին է ընկել Չինաստանին, մոտ 16%-ը՝ ԱՄՆ-ին, 11%-ը՝ Գերմանիային, 7.6%-ը՝ Հնդկաստանին, 5.1%-ը՝ Ֆրանսիային: Հարկ է նշել, որ Չինաստանը Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացրել է շուրջ 6 անգամ, ԱՄՆ-ն՝  մոտ 2 անգամ, Գերմանիան՝  48.5 անգամ, Հնդկաստանը՝ 15 անգամ, Ֆրանսիան՝ շուրջ 5 անգամ:

Հաշվետու 2 ամսում ստացված օգնության 25.7%-ը կազմել են մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 20.3%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.0%-ը` սարքեր և ապարատները, 17.3%-ը` մանածագործական իրերը, 5.9%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.7%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 9.1%-ը` մնացած ապրանքները:

Share