Բաժին. Տնտեսական

Տարոն Մարգարյան. ներդրումային փաթեթների մասին տեղեկացվածության մակարդակը պետք է բարձրացվի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է 71 ներդրումային ծրագիր, որոնցից 50-ը ներդրումային առաջարկներ են, 21-ը՝ արդեն իրականացման փուլում գտնվող ծրագրեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առկա բոլոր ներդրումային առաջարկների փաթեթները ներկայացնել ինչպես տեղի շահագրգիռ ներդրողներին, այնպես էլ արտերկրի գործընկերներին:

«Միայն մեր պաշտոնական կայքում ներդրումային առաջարկները տեղադրելով չպետք է բավարարվել: Անշուշտ, դա կարևոր է, բայց նստել, սպասել մինչև որևէ մեկը հետաքրքրություն կցուցաբերի դրանց հետ կապված, ճիշտ չէ: Զուգահեռ աշխատանքներ տարեք նաև պոտենցիալ ներդրողների հետ: Ներդրումային փաթեթները քննարկեք տեղի մեր գործարարների, շահագրգիռ կազմակերպությունների հետ: Բացի այդ, արտերկրի մեր քույր և գործընկեր քաղաքների գործընկերներին ևս պատշաճ ներկայացրեք դրանք: Համոզված եմ, որ նման մոտեցման արդյունքում նկատելի աշխուժացում կունենանք ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ըստ այդմ ակնկալում եմ, որ այսուհետ պարբերաբար զեկուցեք նաև այս աշխատակարգով տարված աշխատանքների ընթացքի մասին», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքնային խումբ և մեկ ամսում գույքագրել մայրաքաղաքի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը և այդ հասցեներում աշխատանքներ տանել կանաչապատման, բարեկարգման և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

Share