Բաժին. Տնտեսական

ԻՏՁՄ. Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ընթացքում չարաշահումների և հակապետական գործընթացների մասին

ԻՏՁՄ-ն վերջին տասնամյակում բազմիցս ահազանգել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ժամանակ հայկական ընկերություններին այդ գործընթացներից հեռու պահելու արատավոր պրակտիկայի մասին: Մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական ընկերությունների մասնակցությունը, ինչի  հետևանքով պատվերները ուղղորդվում են դեպի օտարերկրյա ընկերություններ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական ընկերությունները նմանատիպ պատվերներ իրականացնում են այլ՝ հիմնականում զարգացած երկրների համար և որակով որևէ կերպ չեն զիջում, այլ նույնիսկ հաճախակի գերազանցում են այն լուծումները, որոնք մեզ փորձում են հրամցնել օտարերկրյա ընկերությունները: Հեռու պահելով հայկական ընկերություններին՝ օտարերկրյա ընկերություններին արհեստական հաղթանակ են ապահովում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն և նրանց վերադաս պետական մարմինները:

Վերոհիշյալի հետևանքով պետությունը տասնապատիկ ավել գնով լուծումներ է ձեռք բերում օտարերկրյա ընկերություններից, պարբերաբար դադարում է այդ լուծումների հետագա սպասարկումը, որը անհրաժեշտություն է ստեղծում նոր միջազգային մրցույթների հայտարարմանը: Արդյունքում հարված է հասցվում ինչպես պետությանը, այնպես էլ տեղական ընկերությունների զարգացմանը, որոնք լուծումները իրականացնելու դեպքում ձեռք կբերեին դրանք միջազգային շուկաներում վաճառելու հնարավորություն: Այս ամենին գումարվում է անդառնալի հարվածը երկրի անվտանգությանը, քանի որ էլեկտրոնային կառավարման համակարգերը դառնում են թափանցիկ օտարերկրյա ընկերությունների համար, և դրանք ստանում են հասանելիություն ՀՀ  քաղաքացիների անձնական տվյալներին, ինչպես նաև պետական մարմինների հույժ գաղտնի և կարևոր տվյալներին: Արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերությունները որևէ ձևով չեն կարող վերահսկվել ՀՀ անվտանգության մարմինների կողմից:

Ասածի ապացույցն է վերջերս հրապարակված՝ «ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով մրցույթի հայտարարում» մրցույթը (ՀՀԷԿԵՆԳ-ՄԵԾՁԲ-N17/2), «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից, որտեղ մասնակցության պայմանների մեջ (մեջբերված է մրցույթի պայմաններից) նշված է՝

2) ֆինանսական միջոցներ.

ա. Մասնակիցը վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով սույն կետի 1-ին ենթակետում նշված համակարգերի մշակման, շահագործման և սպասարկման ծառայությունների կամ նմանատիպ այլ ծառայությունների և աշխատանքների դիմաց պետք է ստացած լինի ֆինանսական հասույթ՝ առնվազն 20 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:

բ. Մասնակիցը անձամբ կամ մասնակիցների կոնսորցիումը համատեղ նախավորակավորման հայտը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող տարվա՝ 2016 թվականի ընթացքում բանկային հաշիվներում պետք է ունենա միջին հաշվով ազատ շրջանառու միջոցներ առնվազն 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:

Նման պայմանները բացառում են ՀՀ ընկերությունների մասնակցությունը այս նախագծին:

Հիմնվելով վերոնշյալի վրա՝ ԻՏՁՄ-ն առաջարկում է ՀՀ կառավարությանը.

ա. քննության առարկա դարձնել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ –ի գործունեությունը, քայլեր ձեռնարկել այն առողջացնելու և ՀՀ  շահերին ծառայեցնելու համար,

բ. անմիջապես դադարեցնել մրցույթի գործընթացը և հնարավորություն ստեղծել հայկական ընկերություններին մասնակցելու դրան,

գ. միջոցներ ձեռնարկել հետայսու տեղական ՏՀՏ ընկերություններին ՀՀ  էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծմանը մասնակցելու համար,

դ. Ազգային Անվտանգության Ծառայությանը և Հատուկ Քննչական Ծառայությանը ընդունել այս հայտարարությունը որպես դիմում հանցագործության մասին,

ե. հետաքննել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի և նրա վերադաս պետական մարմինների գործունեությունը, որի հետևանքով Հայաստանի հանրապետությունը հայտնվել է լրացուցիչ վարկային պարտավորությունների տակ, ունեցել է ֆինանսական կորուստներ, վնաս է հասցվել տեղական ընկերությունների զարգացմանը, ՀՀ  քաղաքացիների անձնական տվյալները և պետական տեղեկատվությունը հասանելի է դարձրել վերահսկողությունից դուրս գտնվող արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերություններին:

Share