Բաժին. Տնտեսական

Երկրաբանական ֆոնդի թվայնացումը կավարտվի 2017թ. վերջին

Մինչև տարեվերջ «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունները առցանց հասանելի կլինեն հանրությանը, մասնավորապես՝ բոլոր հնարավոր ներդրողներին։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության  երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, ֆոնդի թվայնացումը հետևողականորեն իրականացվում է.

«Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովման միջոցառումների շրջանակներում «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական նյութերի թվայնացման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Դա հնարավորություն կտա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ առկա տեղեկատվությունն առցանց հասանելի դարձնել հանրությանը, որի նպատակներից մեկն էլ ներդրումների  ներգրավման գործընթացին աջակցելն է»,-նշում է Շուշանիկ Քերոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի   բաժնից, արդեն թվայնացվել է երկրաբանական տեղեկատվության շուրջ 65 տոկոսը։ Դրանց 60 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված gro-fund.am ինտերնետային կայքում և հասանելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մյուս մասի տեղադրումը ընթացքում է։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում թվայնացվել է 42 օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրեր, որոնցից 8-ը վերաբերում է վերագնահատված հանքավայրերին։

Թվայնացման աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Դրանք սկսվել են անցած տարվա երկրորդ կեսից։

Share