Բաժին. Տնտեսական

ՀՀ Կառավարություն. ընդունվել են պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու մասին որոշումներ

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է առավել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները: Գործադիրի ղեկավարը հետաքրքվել է մնացած ընկերությունների հարցով: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ի կատարում վարչապետի հանձնարարականի՝ շրջանառության մեջ է դրվել 2017- 2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «Այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հին՝ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17՝ նոր ընկերություններ են»: Վարչապետը ևս մեկ անգամ հանձնարարել է մաքրել դաշտը, գույքագրել այդ ընկերությունները. «Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ: Ճկուն մեխանիզմ ենք ստեղծում»: Պատասխանելով վարչապետի հարցին՝ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ոլորտի վերաբերյալ նախատեսվող բարեփոխումների առաջարկությունները կներկայացվեն 1 ամսվա ընթացքում:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքը՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲԸ-ին՝ վաճառքի գինը սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով: Գույքը գնելու դեպքում՝ ընկերությունը պարտավորվել է 15 տարվա ընթացքում ջրանցքի վերանորոգման, վերականգման և շահագործման նպատակով ներդնել 540 մլն ՀՀ դրամ: Ընկերությունը պարտավորվել է նաև ոռոգման շրջանում անխափան, անվճար ապահովել ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակները՝ ջրանցքի տվյալ հատվածը շահագործել ոռոգման ջրամատակարարման ռեժիմների ու ծավալների գերակայությամբ, ջրի անվճար փոխադրմամբ, առանց պետության կողմից համակարգի շահագործման և պահպանման համար տրվող դոտացիոն վճարների, իսկ ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը կիրականացվի ոչ ոռոգման, ինչպես նաև ոռոգման շրջանում մնացորդային ջրերի հաշվին: Գնորդը համաձայնվել է նաև «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը չշահագործելու կամ այն երրորդ անձի օտարելու դեպքում ջրանցքի տվյալ հատվածը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է աճուրդային եղանակով մասնավորեցման ներկայացնել «Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը: Ընկերության գործունեության տեսակը գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպում է. ներկայումս այն գործունեություն չի ծավալվում: Վարչապետը, դիմելով պետգույքի կառավարման վարչության պետին, նշել է, որ բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ մշակելիս պետք է հաշվի առնել նաև այս փաստերը: «Այս ընկերությունը 2000թ.-ից գործունեություն չի ծավալում և ունի 6 աշխատող: 2000 թ.-ից ձեռնակությունը գործունեություն չի ծավալում, ինչու՞ ենք 17 տարի սպասում»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը՝ հանձնարարելով բոլոր հարցերը դասակարգել և նման ընկերությունները գույքագրել:

Share