Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները բավական ինտենսիվ փուլում են

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը նշեց, որ դրանք բավական ինտենսիվ փուլում են: Օհանյանը հերքեց լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որի համաձայն` ՀՀ կառավարությունը «հետ կկանգնի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարից: «Մոտ օրերս ականատես կլինենք ազատ տնտեսական գոտու շահագործողի հետ փաստաթղթի ստորագրմանը սահմանված կարգի համաձայն»,-հավելեց նախարարի մամուլի խոսնակը:

Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման սկիզբն ազդարարվել է մարտի 30-ին: Այն կընդգրկի թույլատրված ոլորտների բավականին լայն շրջանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար և որոնք կարտահանեն տարեկան միջինը շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500-ից ավելի նոր աշխատատեղեր: Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները:

Share