Բաժին. Տնտեսական

Ռուսաստանում ներկայացվել է հայկական զբոսաշրջային գրավչությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է վերջերս Մոսկվա կատարած այցի և այնտեղ կազմակերպված միջոցառումների արդյունքները։ Այցի և միջոցառումների նպատակն էր ներկայացնել հայկական զբոսաշրջային գրավչությունը և նպաստել զբոսաշրջության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության զարգացմանը։

«Ռուսաստանի Դաշնությունում հայկական զբոսաշրջային արդյունքի շնորհանդեսի ժամանակ տեղի է ունեցել խաղարկություն, որի ընթացքում EnjoyArmenia հաշթեգով ամենաշատ լայք հավաքած լուսանկարի հեղինակը եռօրյա ճանաչողական այցով կժամանի Հայաստան», – լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մարտի 31-ին և ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ ԺՏՆՑ (ВДНХ) «Հայաստան» տաղավարում, ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, ներկայացվել է հայկական ազգային խոհանոցը, կազմակերպվել է ուտեստների և հայկական կոնյակի, գինու և մրգային օղիների համտես։ «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հյուրերի համար բացահայտել է հայկական պարարվեստը: «Մարաշլեան ֆոտո ատելիեի» մասնակցությամբ ներկայացվել են հայկական տարազների հավաքածուի նմուշներ, կազմակերպվել է լուսանկարների ցուցահանդես: Ինչպես նաև տեղի են ունեցել հանդիպումներ Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարության, զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների և մասնագիտացված լրագրողների հետ: Քննարկվել է ռուսաստանյան շուկայում Հայաստանի, Արցախի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել ակտիվ ներկայացման հարցը, ռուսաստանյան լրատվամիջոցների` Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման հնարավորությունը:

«Հայկական մի շարք զբոսաշրջային ընկերություններ ռուսաստանյան շուկային արդեն իսկ առաջարկում են դեպի Հայաստան բազմազան զբոսաշրջային փաթեթներ», – հանդիպման ավարտին հավելել է զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նշենք նաև, որ մեկնարկել են բանակցություններ ռուսաստանյան ОРТ հեռուստաընկերության հետ՝ «Непутевые заметки» հաղորդաշարի շրջանակում Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ու գրավչությունները ներկայացնող հաղորդման նկարահանման և հեռարձակման վերաբերյալ։ Այդ նպատակով ընթացիկ տարվա մայիս-հունիսին ակնկալվում է նկարահանող խմբի հյուրընկալումը Հայաստանում, որի ընթացքում խումբը կայցելի Հայաստանի տեսարժան վայրերը և նկարահանումներ կիրականացնի։

Share