Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանը մեծ արդյունք է ակնկալում համայնքային ծառայություները մասնավորին հանձնելու քայլից

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումները շարունակելուն՝ կառավարության ղեկավարը նշել է. «Բնակիչներին մատուցվող ծառայությունների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի իրականացվում է համայնքային մարմինների կողմից։ Վարչատարածքային բարեփոխումները ուղղված են տեղական իշխանությունների կարողությունները մեծացնելուն և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն, որոնց շարունակականության և ամբողջ ծավալով իրականացնելը կարևորվել է կառավարության ծրագրում»: Համայնքների խոշորացումն արդյունավետ իրականացնելու, բնակչությանը ճշգրիտ իրազեկելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արդեն խոշորացված համայնքներում հետագա զարգացումները ապահովելու նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ։ 3-ամսյա ժամկետում վերջիններս կկազմակերպեն նշված օրենսդրական փաթեթով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ ընդգրկված համայնքներում` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին գործադիրի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ամփոփել կատարված աշխատանքներն և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան տեղեկատվություն։ Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշել է, որ այսօր իր մոտ տեղի է ունենալու խորհրդակացություն, որի ընթացքում կքննարկվեն համայնքներում առկա բիզնես բաղադրիչ ունեցող ոլորտները մասնավոր կառույցներին հանձնելու հնարավորությունը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ հարցի վերաբերյալ արդեն իսկ քննարկումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետի մոտ և արդյունքները կներկայացնեն վարչապետին: «Մենք բավականին մեծ էֆեկտ ենք ակնկալում ինչպես թափանցիկության բարձրացման, այնպես էլ սակագների ունիֆիկացիայի մասով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Share