Բաժին. Տնտեսական

Աջակցություն ներդրումային ծրագրերին. կստեղծվի մոտ 200 աշխատատեղ

Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրը որոշել է երեք տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակում «Կապավոր» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել խոշորագույն շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում։ Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 885 մլն ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 167 աշխատատեղ` 2017թ. 165, 2018թ. 172, 2019թ. 180 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում երեք տարով կհետաձգվի նաև «Սևանի իշխան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է համալրել մանրաձկան և վերամշակման արտադրություններն անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ առաջիկա տարիների ընթացքում կաճեցվեն և կվերամշակվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ: Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 մլն ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 278 մլն ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 290, 2018թ. 290, և 2019թ. 290 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Մեկ այլ որոշմամբ էլ բավարարվել է նույն ընկերության հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Share