Բաժին. Տնտեսական

Վարդան Արամյան. վերջին ամիսներին ներդրումների մասով աշխուժացում կա

Հաշվի առնելով տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներդրումների առումով աշխուժացում է ակնկալում: «Ներդրումների մասին տեղեկատվությունը հրապարակվելու է մայիսի վերջին: Ազգային վիճակագրական ծառայությունը դեռևս ներդրումների վերաբերյալ հրապարակում չունի: Ամեն դեպքում 6,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն: Այդպիսի տենդենցը, բնականաբար, պահանջ ունի, որպեսզի ներդրումներ կատարեն: Դա նշանակում է` ամեն դեպքում մենք վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների ոլորտում աշխուժացում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Արամյանը:

Անդրադառնալով Վաշինգտոն կատարած այցին՝ նախարարը նշեց, որ հայկական կողմը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին: «Հիմնադրամն ու Համաշխարհային բանկը մեր կարևորագույն գործընկերներն են, և ՀԲ-ի հետ մենք ունենք ֆինանսավորման ծրագրեր տարբեր ոլորտներում», – ընդգծեց նախարարը: Նրա խոսքով` հենց նման այցելությունների ու հանդիպումների ընթացքում պետք է ներկայացնել երկրի տնտեսական քաղաքականությունը, որպեսզի ներդրողները հետաքրքրվեն: «Ներդրումներն ինքնին չեն գալու: Այնպես չի լինելու, որ մենք մեր աշխատասենյակներում նստած որևէ գործողություն անելով` արտաքին ներդրողն իմանալու է այդ մասին: Նշանակում է` դու պետք է կոմունիկացվես», – ասաց նախարարը:

Share