Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանը հանձնարարել է կարգավորել 560 բնակավայրի ջրամատակարարման խնդիրը

Ջրամատակարարման և ոռոգման համակարգի հիմնախնդիրների վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ջրամատակարար ընկերության սպասարկման տարածքից դուրս մնացած ՀՀ 560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկման տարածքում և չունեն ջրամատակարարման ու ջրահեռացման որակյալ համակարգեր և համարվում են բարձր ռիսկային: Նշված 560 բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսվարող փոխշահավետ համագործակցությանը։ Ոռոգման համակարգի մեխանիկական ջրարտադրությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի անարդյունավետ, մեծաքանակ սպառման, ինչպես նաև շահագործման և պահպանման մեծ ծախսերի հետ: Ակնհայտ է, որ խիստ անհրաժեշտ է համակարգում օր առաջ իրականացնել ֆինանսական առողջացման հստակ միջոցառումներ։ Միաժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մայր և միջտնտեսային համակարգերում ոռոգման ջրի ջրաչափությունը և հաշվառումը իրականացվում է մասամբ: Այդ ենթատեքսոտւմ կարևոր ենք համարում ոռոգման համակարգում ամբողջական հաշվառման համակարգերի ներդրումը»։

Այդ նպատակով կառավարության ղեկավարը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է 3-ամսյա ժամկետում ուսումնասիրել 560 բնակավայրերից բիզնես հետաքրքրություն ներկայացնող համայնքների խմբաքանակը և մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը հայտարարել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում բնակավայրերի 1-ին խմբի մրցույթի հրավերը: Նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր՝ հստակ միջոցառումներով և իրականացման ժամանակացույցով: Հանձնարարվել է նաև մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր՝ որի իրականացման արդյունքում կունենանք 2100-ից ավելի հաշվառման կետերից ստացվող առցանց տեղեկատվություն ջրի հոսքի և մակարդակի վերաբերյալ։

«560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով՝ որակ, ժամկետ, սպասարկում և այլն: Ամբողջը պետք է վերլուծենք և յուրաքանչյուրի վերաբերյալ ունենանք հստակ ծրագիր: Եթե նույնիսկ հետագայում համայնքն է կառավարելու, հստակ պետք է ձևակերպենք, թե համայնքն ինչ չափորոշիչներով և ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպի: Իսկ ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդելական լինի, որովհետև այն ծախսը, որն անելու ենք հաշվառման համար, պետք է արդյունավետ լինի»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է նաև շուկայի կտրուկ մեծացում և ստվերի վերացում:

Share