Բաժին. Տնտեսական

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները հունվար-մարտին աճել են 7.9%

Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.9 տոկոսով կամ շուրջ 19.9 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, պետական բյուջեի եկամուտների 94.5 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, շուրջ 4.7 տոկոսը` այլ եկամուտների, իսկ 0.8 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 255.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր` 4.2%-ով գերազանցելով եռամսյակային ծրագիրը: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 10.6%‑ով կամ շուրջ 24.5 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների,եկամտային հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով:

Share