Բաժին. Տնտեսական

Վրույր Փենեսյան. Կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ

Ընթացիկ տարում պետական կառույցների ներգրավվածությամբ կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ, որում ներգրավված են լինելու գործարարներ  նշված երկրներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «INVEST ARMENIA»  ծրագրի նախաձեռնող և համակարգող Վրույր Փենեսյանը:

«Պալատին աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովները, ակտիվ համագործակցություն է նախատեսվում նաեւ գործարար պալատի երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»,-ասաց նա:

Գործարար պալատի գլխավոր գրասենյակը կլինի Երևանում: Կառույցի նպատակն է ակտիվացնել Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան տնտեսական համագործակցությունը՝ հանդես գալով որպես միջանկյալ հարթակ գործարար աշխարհի և  օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև: Մասնավորապես նախատեսվում է  միջպետական բիզնես համագործակցության  դյուրացման  նպատակով առաջարկներ ներկայացնել նշված երկրների միջև օրենսդրական դաշտերի  համադրման  եւ բարելավման վերաբերյալ, ինչպես նաեւ բիզնեսին խոչընդոտող հանգամանքների հայտնաբերման  և արձագանքման միջոցառումների նախաձեռնում ի պաշտպանություն գործարարների շահերի,  տեղեկատվության և խորհրդատվության (բիզնեսի գրանցման, հարկային, մաքսային, իրավաբանական օրենսդրության վերաբերյալ) փոխանակում: Կիրականացվի նաև մեծ  հաջողություններ արձանագրած ոլորտների առաջատար ներկայացուցիչների փորձի փոխանակում, ամենամյա բիզնես ֆորումների, ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար խմբերի հանդիպումների կազմակերպում:

Share