Բաժին. Տնտեսական

Հունվար-ապրիլին գրանցվել է արտաքին առևտրի 15% աճ

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ  689 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 15%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-ապրիլ ամիսներին գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 470 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, հաշվետու 4 ամսում Հայաստանը արտահանել է 608.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1 մլրդ 80.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է 16%, իսկ ներմուծման ոլորտում՝ մոտ 15%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով:

Share