Բաժին. Տնտեսական

Անասնաբուժության բնագավառում կիրականացվի արդյունավետ և հետևողական վերահսկողություն

ՀՀ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում անասնաբուժական ստուգումների իրականացումը կանոնակարգելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Պետական քաղաքականության շրջանակում անասնաբուժության վերահսկողության բնագավառում ընդունվում է ազգային նոր իրավական փաստաթուղթ: Կսահմանվեն լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից անասնաբուժության բնագավառում գործառնություններ իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգաթերթերի միջոցով ստուգումների իրականացման նորմատիվային պահանջները, որը կարևորագույն քայլ կհանդիսանա սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների և պահանջների ներդրման գործընթացում: Արդյունքում ակնկալվում է անասնաբուժության բնագավառում ստուգումների բարելավում, պարզեցում, թափանցիկություն, ռեսուրսների խնայում, ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բազայի ստեղծում: Դա կնպաստի արդյունավետ և հետևողական վերահսկողության իրականացմանը՝ առանց տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը խոչընդոտելու: Վարչապետը, դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին, նշել է, որ այդ պահանջների մասին անհրաժեշտ է տեղեկացնել բոլոր տնտեսավարող սուբյեկտներին. «Նախապես իրենք պետք է իմանան, թե Սննթամթերքի անվտանգության պետական ծառայությունն ինչ պահանջներ է ներկայացնում: Դրանից հետո նոր ստուգումներ իրականացնեն»:

Կառավարությունը հավանություն է տվել Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին, որով ամրագրվել են ջրօգտագործողների ընկերություն և հողօգտագործող/ֆերմեր իրավահարաբերությունները, հստակեցվել՝ հանրապետության գյուղատնտեսության զարգացման խնդրում ոռոգման ջրի դերակատարությունը, ինչն էլ կբերի՝ ջրային և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, նոր ոռոգելի հողատարածքների ավելացման, ոռոգման կազմակերությունների ֆինանսական կայունության երաշխիքների ձևավորման:

Share