Բաժին. Տնտեսական

Ucom. Մեկնարկում է Բարքեմփ Երևանը

Մայիսի 27-ից 28-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2017»-ը: Արդեն 9 տարի է, ինչ Բարքեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների:

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: (չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան վեց միջազգային հյուրեր՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից, Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից:

Այս տարի ևս «Բարքեմփ Երևան 2017»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ: Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ չկոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Արդեն 4 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևան գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: Հովանավորներն են Workfront Armenia, SFL LLC, Ginosi Apartels ընկերությունները: (Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn17:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում Բարքեմփը անցկացվում է 2009թ-ից: Առաջին Բարքեմփ Երևանին մասնակիցների թիվը հասնում էր 200-ից 300-ի, իսկ 8 տարի անց՝ գերազանցեց 3000-ը:

Share