Բաժին. Տնտեսական

Հայկ Հարությունյան. Հայաստանը պատրաստ է սատարել էներգակիրների տարանցման անվտանգության ապահովման վերաբերյալ նախագծերին

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցնկացվող Միջազգային էներգետիկ խարտիայի երկօրյա համաժողովին մասնակցող աշխարհի շուրջ 50 երկրների պատվիրակությունների թվում ներկայացված է նաև Հայաստանը։ Հայաստանի  պաշտոնական պատվիրակությունը  գլխավորում է ՀՀ էներգետիկ նթակառուցվածքների  և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Ելույթ ունենալով «Էներգառեսուրսների տարանցման հարցում բազմակողմանի շրջանակային համաձայնագրի ճանապարհին» թեմայով համաժողովում՝ Հայկ Հարությունյանը   նշել է, որ Հայաստանը պատրաստ է սատարել էներգակիրների տարանցման անվտանգության ապահովման վերաբերյալ նախագծերին: Նա կոչ է արել կենտրոնանալ այն գաղափարի վրա, որ էներգետիկ հասանելիությունն արտոնություն չէ, այլ մարդու հիմնարար իրավունք։

«Էներգետիկ հասանելիությունը դեռևս խնդիր է աշխարհի շատ երկրներում։ Պետք է ավելի բազմակողմանի դարձնել էներգետիկ ռեսուրսների տարանցումը։ Դրա հետ կապված բոլոր նախագծերը պետք է ներառեն նաև էներգակիրների տարանցիկ մատակարարման անվտանգությունը»,-ասել է Հայկ Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աշխատել աշխարհի բոլոր երկրների հետ՝ գազի և էլեկտրաէներգիայի տարանցման բնագավառում. «Այժմ մենք աշխատում ենք  Իրանի, Վրաստանի,  Հայաստանի և Ռուսաստանի միջև միջանցք ստեղծելու ուղղությամբ»։

Աշխաբադ կատարած այցի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ Մակսաթ Բաբաևի, «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի տնօրեն-պետնախարարի պաշտոնակատար Մուրադ Արչաևի, ինչպես նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Իրանի և Վրաստանի  գործընկեր կառույցների ներկայացուցիչների  հետ:

Share