Բաժին. Տնտեսական

Կվերանայվի հողային օրենսդրությամբ սահմանված հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը

Հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայմանի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար համապատասխան հողամաս ձեռք բերելու ցանկություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար հողամասի կադաստրային արժեքի միանվագ և անհապաղ վճարման պահանջն էական բեռ է հանդիսանում: Որոշ դեպքերում այդ պահանջը խոչընդոտ է հանդիսանում կոնկրետ համայնքներում բիզնես ծրագրերի իրագործման համար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է հողային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով, որոնք չեն նախատեսում համապատասխան վճարման տարաժամկետման հնարավորություն»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հողային օրենսդրությամբ սահմանված հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը վերանայելու և տարաժամկետման հնարավորություն սահմանելու վերաբերյալ: Միաժամանակ նախատեսվում է սահմանել ժամանակացույցի տրամադրման հստակ պայմաններ և անձանց կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվության գործիքակազմ: Գործադիրի ղեկավարը ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ ոլորտը լուրջ ուսումնասիրել, որպեսզի վարչական գործողությունների կիրառման սուբյեկտիվ հնարավորություն չլինի:

Share