Բաժին. Տնտեսական

Հայաստան այցելող զբոսաշրջիկների 30%-ն Իրանից են

Տարվա առաջին երեք ամսում՝ հունվար-մարտին, Հայաստան է ժամանակ 298.5 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 18%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների շուրջ 30%-ը Իրանից են, 22%-ը՝ Ռուսաստանից, 7%-ն՝ ԱՄՆ-ից: Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Իրանից Հայաստան այցելողների թիվն աճել է ավելի քան 70%-ով, Ռուսաստանից այցելողների թիվը՝ մոտ 13%-ով: ԱՄՆ-ից Հայաստան այցելողների թիվը կրճատվել է շուրջ 9%-ով:

Մեր երկրում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստանը տարեկան կհյուրընկալի մինչև 3 մլն միջազգային զբոսաշրջիկ: Իհարկե, այս ցուցանիշը ներկայացված է՝ ըստ լավագույն սցենարի:

Ոլորտի մասնագետների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը զբոսաշրջության մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքում կկազմի 12%: Ականկալվում է նաև, որ մինչև 2030 թվականը ափյուռքահայ զբոսաշրջիկների թիվը տարեցտարի կավելանա՝ հասնելով տարեկան 1.5 միլիոնի:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share