Բաժին. Տնտեսական

Տավուշ տեքստիլը սահմանամերձ համայնքներում ընդլայնում է արտադրամասերն ու արտադրության ծավալները

Տավուշի սահմանամերձ համայնքներում շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունն ընդլայնում է արտադրության ծավալները և արտադրամասերը: Ընկերության Բերդ և Արծվաբերդ համայնքների արտադրամասերում շրջայցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանն ընդգծեց, որ Բերդ համայնքում ընկերությունը ձեռք է բերել նախկին «Ռելեի գործարան»-ի տարածքը, որն ունի 5 շենք-շինություն: «Հիմնական արտադրական մասնաշենքը կլինի եռահարկ շինությունը, յուրաքանչյուր հարկի մակերեսը կազմում է 1600քմ: 2018թ. մարտից նախատեսվում է կառուցել ևս մեկ արտադրական մասնաշենք՝ 2500 քմ ընդհանուր մակերեսով, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ. հունիսին: Բերդի մասնաճյուղում իրականացվելու են ձեռնոցների արտադրության ամբողջական ցիկլը ներառող աշխատանքներ, մասնավորապես՝ գործում, եզրակարում և ծածկութապատում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Եզեկյանը:

2017թ. հունիսի վերջին մասնակի կմեկնարկի արտադրական մասնաշենքի 3-րդ հարկի արտադրամասը, որտեղ կտեղադրվի 100-120 հաստոց և կաշխատի շուրջ 40 աշխատակից: Արտադրամասերն ամբողջ հզորությամբ աշխատելու ժամանակ նախատեսվում է աշխատակիցների ընդհանուր թիվը հասցնել 800-ի՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Միքայել Եզեկյանը նաև հավելեց, որ ընկերությունն ընդլայնում է նաև Արծվաբերդ համայնքի արտադրամասի տարածքը, որի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նրա խոսքով՝ ընկերության արտադրանքի պահանջարկը մեծ է, քանի որ մեծ է նաև շուկան: Ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան և Ուկրաինա, սակայն մտածում են նաև ԱՄՆ և Եվրոպա արտահանում իրականացնելու մասին:

«Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանն էլ լրագրողների հետ զրույցում մեծ հպարտությամբ ընդգծեց, որ սահմանամերձ համայնքներում ներդրումներ է կատարել ու դրա համար չի փոշմանել: Նա այլ անձանց ևս կոչ արեց առանց հապաղելու սահմանամերձ համայնքներում ներդրում կատարել՝ վստահեցնելով, որ փխրուն խաղաղության վիճակը որևէ կերպ չի խանգարում ներդրում կատարելուն և շահույթ ստանալուն: «Ես վաղուց էի ցանկանում Տավուշի մարզում ձեռնոցների արտադրություն հիմնել: Հետո տեսա, որ կա դրա լուծման բանալին, քայլ արեցի այդ ուղղությամբ և ստացվեց: Ես մի արտադրամաս ունեմ Չորաթան համայնքում, մեկը՝ Արծվաբերդում, երրորդը հիմնում ենք Բերդում: Մի փոքր արտադրամաս էլ ունենք Մովսես գյուղում: Անցած տարի մեր շրջանառությունը կազմել է 1 միլիարդ դրամից ավելի, իսկ այս տարի կլինի երկու միլիարդից ավելի»,- ընդգծեց նա:

Սուրեն Երիցյանը վստահեցնում է, որ որևէ խնդիր չունի և զգում է պետության աջակցությունը: Նա նշեց, որ ընկերությունն ամբողջությամբ ազատված է շահութահարկից, ինչն ավելի է հեշտացնում իրենց աշխատանքը, քանի որ, բացի հարկ վճարելուց, ազատված են նաև փաստաթղթաշրջանառությունից, ինչը բարդացնում է աշխատանքը:

Share