Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարություն. թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ կտրամադրվեն

Անդրադառնալով թեթև արդյունաբերության ոլորտին լրացուցիչ արտոնությունների տրամադրմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին։ Կառավարությունը պետք է իր գործողությունների արդյունքում նպաստի լուրջ ներուժ ունեցող նշված ձեռնարկատիրական ոլորտների զարգացմանը և հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմանը»։ Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ԿԱ պետական եկամունտերի կոմիտեի նախագահին 2-շաբաթյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Երևանում և Երևանից դուրս, թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին և վերջիններիս կողմից նոր աշխատատեղեր ստեղծելու դեպքերում լրացուցիչ արտոնությունների տրամադրման հնարավորության և գործիքակազմի վերաբերյալ: «Մենք մեր գործընկերների հետ այս հարցի շուրջ խոսել ենք: Երևանից դուրս արտոնություն պետք է տրվի, որպեսզի խրախուսվի մարզերում նման գործունեություն ծավալելը: Երկրորդ՝ պետք է խրախուսվի աշխատատեղ ստեղծելը, երրորդ՝ պետք է ունենանք սուբսիդավորման հստակ մեխանիզմներ: Նաև քննարկել ենք, որ կոշկակարության վերաբերյալ ռազմավարություն և ծրագիր պետք է ներկայացվի, որովհետև այնտեղ մեծ ներուժ ունենք»,-ասել է վարչապետը:

Share