Բաժին. Տնտեսական

Հայ-իրանական նոր համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանի տարածքում ԻԻՀ «հալալ» ստանդարտ մակնշում տրամադրել

Հունիսի 14-ին Թեհրանում կքնվել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» Փոխըմբռնման Հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ինստիտուտի փոխնախագահ Մ.Մաղադամը։

Հուշագրով նախատեսվում է երկու մարմինների միջև համագործակցության զարգացում և ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, «հալալ» ստանդարտի վրա հիմնված ապրանքների հսկողության վերաբերյալ դասընթացների, աուդիտի իրականացում, երկու կողմերի շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում, ՀՀ տարածքում ԻԻՀ «հալալ» ստանդարտ մակնշման տրամադրում, «հալալ» արտադրանքի հավատարմագրման ընթացակարգերին առնչվող տեղեկատվության փոխանակում և այլն:

ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ Էմիլ Տարասյանն ընգծել է, որ ստորագրված հուշագրով կընդլայնվի համագործակցությունը տվյալ ոլորտում և կարևորել, որ «հալալի» կանոնների իրականացումից կօգտվեն թե զբոսաշրջիկները, և թե գործարարները: Իրանական կողմը առաջարկել է քննարկել նաև «հալալի» կիրառման հնարավորությունը ոչ պարենային ապրանքների նկատմամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի նախագահ տկն. Ն.Փիրուզբախտը, Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ւրանի գյուղատնտեսության նախարարությունում Այաթօլլահ Ալեմին և այլ կառույցներիի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը ԻԻՀ-ի հետ տնտեսության բոլոր ճյւղերում, իսկ «հալալը» ևս մեկ հնարավորություն է, որը կբերի փոխադարձ առևտրի և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

Երկկողմ կարևորվել է նաև իրանական և ԵԱՏՄ շուկաներում պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի համապատասխանության հավաստման մարմինների /փորձարկման լաբորատորարիաների/ երկու երկրներում մասնաճյուղերի հիմնման, ստանդարտների մշակման, չափագիտության ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը:

Նույն օրը Էմիլ Տարասյանը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդում, որտեղ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Share