Բաժին. Տնտեսական

Փորձարկման լաբորատորիաները համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` հունիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` Հայաստանի փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը: Հանդիպմանը մասնակցել են Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Մկրտչյանը, Հայաստանում գործող փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչներ և աշխատակիցներ:

Հանդիպման հիմնական նպատակն էր` մեկ անգամ ևս ներկայացնել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման մեխանիզմները, գործող իրավական ակտերով նախատեսված պարբերաբար գնահատումներ իրականացնելու ընթացակարգերը և նախատեսված ժամկետները, հավաքագրել քննարկման ընթացքում ի հայտ եկած կամ առկա խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:

Գործող օրենսդրության համաձայն, լաբորատորիաները պետք է ամբողջովին ապահովեն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ փորձարկման լաբորատորիաների կողմից պետք է իրականացվեն չափիչ սարքերի ճշգրիտ աշխատանքի ապահովմանն ուղղված ստուգաճշտումներ և անցկացվեն միջլաբորատոր փորձարկումներ, որոնց միջոցով հավաստվում է այդ փարձարկման չափիչ սարքերի ճշգրտությունը:

Հայաստանում գործող բոլորը լաբորատորիաները պետք է աշխատեն իրավական դաշտում և համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են պարբերական և արտահերթ գնահատումներ, որոնց արդյունքում չափանիշներին չհամապատասխանող լաբորատորիաների հավատարմագրումը կդադարեցվի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր, մասնավորապես կապված լաբորատորիաների կողմից սարքերի տրամաչափարկման և միջլաբորատոր համեմատական փորձարկումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների վերաբերյալ և ներկայացվեցին առաջարկներ:

Հանդիպման ավարտին նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը նշելով, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական, հավաստիացրել է, որ արված առաջարկները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և միջոցներ կձեռնարկվեն դրանց հնարավոր կարգավորման ուղղությամբ:

Share