Բաժին. Տնտեսական

Կառավարության անդամները կներկայացնեն առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերել է կիսամյակային հաշվետվություններին: Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում 2017 թվականի կառավարության նախաձեռնած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը՝ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև սույն թվականի հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ, մասնավորապես՝ կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման, ներգրավված ներդրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները: Վարչապետը հանձնարարել է 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը: «Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ որ նախագծել ենք՝ հստակ ձևակերպենք, ներկայացնենք՝ ինչ ենք կատարել, եթե կլինեն չկատարված բաներ նշենք, թե ինչու չենք կատարել և երբ ենք լրացնելու դրանք: Չնայած կարծում եմ, որ այդպիսի կետեր չպետք է լինեն»,- ասել է վարչապետը:

Share