Բաժին. Տնտեսական

Հունիսին սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում

Հունիսին, մայիսի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.2% գնանկումով:

Այսպես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի, ներառյալ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017թ. հունիսին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 103.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.4%, ծառայությունների սակագներինը՝ 99.2%: 2017թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում):

2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.1%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)` 104.9%, ոչ պարենային ապրանքներինը` 97.1%, ծառայությունների սակագներինը` 98.6%, իսկ հունվար-հունիսին 2016թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 100.5%, 104.1%, 96.9% և 97.8%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.4-0.4%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Գյումրիում:

Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.9%-ով:

Share