Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՀՄՄ-ի ԱՊՀ տարածաշրջանային տնօրենին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ԱՊՀ տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Կիրիլ Օպարինին:

ՀՄՄ կենտրոնակայանը գտնվում է Ժնև քաղաքում: Այն ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է համակարգել կառավարությունների և մասնավոր հատվածի աշխատանքները գլոբալ հեռահաղորդակցության ցանցերի և ծառայությունների բնագավառում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարություն-ՀՄՄ համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: Կարևորվեց համատեղ միջոցառումների իրականացումը` թվայնացման և OTT ծառայությունների կարգավորման վերաբերյալ:

Նշվեց, որ այս տարեվերջին նախատեսվում է նմանատիպ միջոցառում անցկացնել Հայաստանում:

Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտում ՀՄՄ-ի դերը՝ նախարարն ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ միությունը գործունեության տարիների ընթացքում մշտապես ձեռնպահ է մնացել քաղաքական հարցերից:

Կիրիլ Օպարինն իր հերթին վստահեցրեց, որ այսուհետ ևս շարունակելու են աշխատել նույն ռազմավարությամբ:

Share