Բաժին. Տնտեսական

6 ամսում Հայաստանը գործընկեր երկրների հետ իրականացրել է $2.8 մլրդ առևտուր

2017 թվականի առաջին կեսին մեր երկրի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ 815.1 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 24%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու հունվար-հունիս ամիսներին գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 800 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանը արտահանել է 993.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1 մլրդ 821.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է 21%, իսկ ներմուծման ոլորտում՝ մոտ 26%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով:

Share