Բաժին. Տնտեսական

«Բացահայտիր քեզ համար քո երկիրը» ծրագիրը մեկնարկեց Արցախից

Հուլիսի 22-24-ը «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակներում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպել էր հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների ճանաչողական այց Արցախ:

Հայաստանյան 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր, տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առչնվող այլ ուղղությունների մասին` նյութեր պատրաստելու և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը նախագծվել է՝ հաշվի առնելով Արցախի զբոսաշրջային արդյունքի զարգացած ու զարգացման ներուժ ունեցող ուղղությունները ու դրանց յուրահատկությունները:

Ակտիվ զբոսաշրջություն նախընտրողների համար կազմակերպվել է քայլարշավ` Հունոտի կիրճ բնապատմական արգելոցում, գաստրոնոմ զբոսաշրջության հնարավորությունների ներկայացման նպատակով` արցախյան խոհանոցի և գինու համտես, իսկ ճանաչողական տուրիզմի սիրահարների համար` քաղաքային տուր Շուշիում, էքսկուրսիաներ դեպի Տիգրանակերտի և Տողի Մելիքական արգելոցներ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Գանձասար և Դադիվանք վանական համալիրներ:

Այցի մասնակիցները ականատես ու մասնակից եղան նաև Տիգրանակերտում կազմակերպված Վարդավառի տոնակատարությանը և ծանոթացան Արցախում իրադարձային տուրիզմի հնարավորություններին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակության շրջանակներում նախաձեռնած ճանաչողական այցը դեպի Արցախ առաջինն էր Կոմիտեի՝ «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակներում:

Share