Բաժին. Տնտեսական

Քննարկվել են տրանսպորտի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 26-ին ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորեց գործընկերոջ այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն կխորացնի հայ-իսրայելական համագործակցությունը տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ՏՏ ոլորտներում:

 

Ցախի Հանեգբին ընդգծեց բոլորովին վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների ներդնումը, որպես երկու երկրների միջև գործակցության խթան:

Ցախի Հանեգբիի հարցին ի պատասխան` նախարար Վահան Մարտիրոսjանը ներկայացրեց Հայաստանի տրանսպորտային համակարգն ու սպասվող ծավալուն բարեփոխումների ծրագիրը:

 

Վահան Մարտիրոսյանը հեռանկարային համարեց ՏՏ ոլորտում երկու երկրների համագործակցությունը` նկատի ունենալով երկու ժողովուրդների մտավոր մեծ ներուժը: Նա նշեց, որ Հայաստանում գործող մի քանի տեխնոլոգիական կենտրոններ ուրախ կլինեն իրենց հարկի տակ ընդունել իսրայելական ՏՏ ընկերություններին:

Վահան Մարտիրոսյանը Տարածաշրջանային համագործակցության նախարարին և իսրայելական ՏՏ ընկերություններին այդ համատեքստում հրավիրեց  ներկա գտնվելու աշնանը Երևանում կայանալիք ամենամյա «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին:

 

Ցախի Հանեգբին նույնպես կարևորեց ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները և համոզմունք հայտնեց, որ այդ բնագավառում երկու երկրների միջև գործակցությունն ապագա ունի:

Նախարար Վահան Մարտիրոսյանը Ցախի Հանեգբիին ներկայացրեց նաև Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությունները, օպերատորների կողմից ներդրվող նոր տեխնոլոգիաները` նշելով, որ նրանք արդեն իսկ օգտագործում են նաև իսրայելական սարքավորումներ:

Կիբերանվտանգության համատեքստում նախարարները անդրադարձան երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին:

Share