Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ համալիր միջոցառումներ

Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների շեշտակի աճ և չնայած դրական արդյունքին՝ դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Վարչապետն Արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Վարչապետը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:

Share