Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրության պահածոների պահանջարկն աճում է

Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները վերջին տարիներին ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը խոսում է այն մասին, որ շուկայում նկատվում է հայկական արտադրության պահածոների պահանջարկի աճ:

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում արտադրվել են շուրջ 3 հազար 798.2 տոննա պահածոներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածւ համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 10%-ով:

Հաշվետու վեց ամսում արտադրված պահածոներից մոտ 2 հազար տոննան կազմել են բանջարեղենի պահածոները, 949.9 տոննան՝ մրգի, 403.8 տոննան՝ մսաբուսական, մոտ 210 տոննան՝ մսի, 160.5 տոննան՝ ձկան, 91.2 տոննան՝ տոմատի պահածոները, 12.4 տոննան՝ խեցգետնի պահածոները:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ առավել զգալի աճել են ձկան և բանջարեղենի պահածոների արտադրության ծավալները. յուրաքանչյուրի մասով գրանցվել է աճ շուրջ 2 անգամ:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 14.5 հազար տոննա պահածոներ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր 30%-ով:


Share