Բաժին. Տնտեսական

Սևանա լճից լրացուցիչ ջրի հաշվին արտադրված էլեկտրաէներգիայի շահույթը կուղղվի նպատակային ներդրումային ծրագրի

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 2017թ. ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն խմ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների մոտ առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցը կքննարկվի գործադիրի օգոստոսի 17-ի նիստում:

Որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ բացել արտաբյուջետային հաշիվ՝ լրացուցիչ շահույթը այդ հաշվին վճարելու համար: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի 2.4-րդ հոդվածով հաստատված ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների ծրագիրը և դրա իրականացման համար կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը:

Որոշման նպատակն է արդյունավետ տնօրինել 2017թ. ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն խմ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող  էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների մոտ լրացուցիչ շահույթը:

Share