Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-հուլիսին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 6.2%-ով

2017թ. հունվար-հուլիս ամիսներին, 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով: Այս մասին հաղորդում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.7%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.2%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 11.8%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 2.1%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 8.7%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 899.590 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,346.762 մլրդ ՀՀ դրամ,  ծառայությունների ծավալը՝  774.537 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 334.833 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 143.859 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100.5%:

Share