Բաժին. Տնտեսական

Բարձրավոլտ Էլեկտրացանցերը հավատարմագրային կառավարման կհանձնվի Տաշիր Կապիտալին

ՀՀ կառավարությունը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման կհանձնի «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 24-ի նիստի օրակարգում:

Որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը: Ըստ հիմնավորման, «ԲԷՑ»-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ»-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից:

Հավատարմագրային կառավարման պայմաններում կստեղծվեն սպասարկման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև ներդրումների և տեխնիկական քաղաքականության իրականացման միասնական կառավարման հայեցակարգեր և կանոններ: «Տաշիր Կապիտալ»-ի կառավարումը հնարավորություն կընձեռի «ԲԷՑ»-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա «ԲԷՑ» ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր,  և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի:

Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ «ԲԷՑ»-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով: Փոխառու միջոցներ կներգրավվեն նաև բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման,  անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրությունների կազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցման համար: Էլեկտրաուժային սարքավորումների և փոխանցող հարմարանքների տեղական արտադրությունը նախատեսվում է կազմակերպել բարձր համբավ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ սկզբնական փուլում հավաքակցման, այնուհետև՝ ամբողջական արտադրության կազմակերպման եղանակով: Արտադրանքի իրացման շուկաները կլինեն նաև ԵԱՏՄ երկրները, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, ներառյալ բարձր որակավորման և բարձր վարձատրվող շուրջ 1200 աշխատատեղ:

Share