Բաժին. Տնտեսական

Քննարկվում է Հայաստան-Չինաստան ուղիղ ավիաչվերթ գործարկելու հարցը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը կայցելի Չինաստան: Այցի շրջանակներում հնարավոր է ստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և կքննարկվեն դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ հնարավոր ուղիղ չվերթների իրականացմանը մանրամասները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, հավելելով, որ Սերգեյ Ավետիսյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և ստորագրվել երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիրը:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, ստացել է հրավեր՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու:

Share