Բաժին. Տնտեսական

Երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքները Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների և դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաև ՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրն առ այն, որ հայաստանյան շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման և մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում և այն առանձնահատուկ տեղ կգրավի ստուգումների հաջորդ տարվա ծրագրում։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին ` հետևել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և վերացնել առկա բացթողումները։

Կոչով դիմում ենք նաև սպառողներին՝ ձեր և ձեր երեխաների անվտանգությունը կարևորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթը՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։

Ուշադրություն դարձրեք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․

– արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,

– պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը և գտնվելու վայրը,

– արտադրատեսակի անվանումը և տեսակը (նշանակությունը),

– պատրաստման ամսաթիվը,

– արտադրանքի գործածության ժամկետն (անհրաժեշտության դեպքում),

– գործածության երաշխիքային ժամկետն (անհրաժեշտության դեպքում),

– շուկայում շրջանառության միասնական նշանը`

– ապրանքային նշանը (առկայության դեպքում)։

Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ–ներդրակի վրա:

Հատկապես կարևոր է ուշադիր լինել մակնշման հետևյալ տեղեկություններին՝ տարիքային ո՞ր խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ի՞նչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։

Ներկայացնում ենք նաև ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգի որոշ պահանջներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել շուկայում։

Հիշե’ք, մինչև 3 տարեկան երեխաների կոշկեղենի պարագայում չի թույլատրվում՝ բաց կրնկային մաս, 3-7 տարեկան երեխաների համար չֆիքսված կրնկային մաս՝ բացառությամբ կարճաժամկետ կրելու համար նախատեսված կոշիկների։

Աշակերտական պորտֆելները և ուսապայուսակները պետք է ունենան դիմային և կողային մակերևույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ ու ֆուրնիտուրա և պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձևակայուն մեջքով։ Ուշադրություն դարձրեք նաև ներկվածքի կայունությանը։

Հրատարակչական արտադրանքի կենսաբանական անվտանգությունը սահմանվում է տառատեսակային ձևավորման պարամետրերով և տեքստերի ձևավորման եղանակներով՝ կախված հրատարակության տեսակից, միաժամանակ կարդալու տեքստի ծավալից, օգտագործողի տարիքից և երեխաների ու դեռահասների տեսողական օրգանների ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան:

Share