ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբիին` ագրարային ոլորտում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին, որը նախատեսվում է ստորագրել առաջիկայում:
«Հուշագրի ստորագրումը շատ կարևոր քայլ կդառնա Հայաստանի և Իրաքի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, որը հիմք կհանդիսանա երկու երկրների գործարար շրջանակների սերտացման և նոր գործարար կապերի ստեղծման համար», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի և Հայաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում ապրանքաշրջանառության ավելացմանը, երկու երկրների միջև գյուղմթերքի փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Հայաստան կատարած այցի շրջանակում Իրաքի գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև մի շարք վերամշակող ընկերություններ: