Բաժին. Տնտեսական

Մաքուր Հայաստան. Հայաստանի 86 գազալցակայանների հանձնարարվել է սանհանգույցները բերել պատշաճ վիճակի

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հաաստան» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ծրագրի ընթացքը, ամփոփվել փակված աղբանոցների մասին տվյալներ, ըստ որոնց՝  ՀՀ մարզերում գույքագրված  2029 աղբավայրերից փակվել է 1574-ը, իսկ 153-ը ենթակա են փակման:

Խոսելով աղբահանության և սանմաքրման կազմակերպման օրենսդրական դաշտից,  Վաչե Տերտերյանն ընդգծել է իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման կարևորությունը, տեղեկացրել, որ  էական առաջընթաց կա այդ ուղղությամբ, ինչը կարևոր պայման է հետագա գործընթացների համար:

ՀՀ տարածքում գործող 515  հեղուկ վառելիքի և գազալցակայանների սանհանգույցների և մշտական խմելու  ջրի առկայության ու վիճակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 429-ում վիճակը բավարար է, իսկ 86 տնտեսվարողներին հանձնարարվել է շատ կարճ ժամանակահատվածում դրանք բերել պատշաճ վիճակի:  Խնդիրը բարձրաձայնվել էր նաև ԶԼՄ-ներով:

Զեկուցվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից սեպտեմբերի 26-ի դրությամբ   չսահմանված վայրերում աղբ թափելու 1857 դեպք է հայտնաբերվել, աղբ թափող 916 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել են 1612-ը և շուրջ 425 միջնորդագիր ուղարկվել է ՏԻՄ մարմիններ:  246-ը դեռևս կատարման ընթացքի մեջ են:

Հանձնաժողովը հաստատել է  ՀՀ մարզերի և առանձին համայնքների կողմից ներկայացված աղբահանության և սանիտարական մաքրման գործողությունների ծրագրերը, հանձնաժողովի անդամներն էլ ներկայացրել են  կատարված աշխատանքները, հանդես եկել   առաջարկություններով:  Եվս մեկ անգամ կարևորվել է ԶԼՄ-ների աջակցությունը «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը` հանրային գիտակցության բարձրացման գործում:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում  ստեղծվել է https://cleanarmenia.am/ կայք-էջը: Այն  հնարավորություն է տալիս հանրությանն իրազեկել  ընթացիկ աշխատանքների մասին:

Share