Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս տարբերել հայկական կեղծ թղթադրամը

Աշխարհում ամենաշատը կեղծում են թղթադրամները: Սա է պատճառը, որ շատ երկրներում կեղծ թղթադրամները տարբերելու գիտելիքները համարվում են անհրաժեշտություն: Իսկ ի՞նչ գիտելիքներ են անհրաժեշտ հայկական թղթադրամների իսկությունը ճանաչելու համար:

Կենտրոնական բանկի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հայկական թղթադրամների իսկությունը առանց հատուկ գիտելիքների և սարքերի, միայն աչքերի և ձեռքերի օգնությամբ ստուգելու համար պետք է կատարել երեք գործողություն` նայել, շոշափել, փոխել դիտման անկյունը:

Այսպես, հայկական թղթադրամների երևացող պաշտպանական հատկանիշներից կարևորագույնն են ջրանիշը և ներգծերը: Առավել հարմար է ստուգել պատուհանաձև ներգիծը: Այն թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ «պատուհանների» (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում են հստակ մանրատառաշարեր: Ներգծի «պատուհանների» կողքերի թուղթն ավելի բարակ է, քան այն մասերում, որոնք ամբողջովին թղթի մեջ են գտնվում՝ ուստի լուսընդդեմ դիտելիս երևում են մոտ 5 միլիմետր լայնությամբ մուգ և բաց գծեր:

Թղթադրամների շոշափելի պաշտպանական հատկանիշն է «խորը» տպագրությունը: Դիմերեսի որոշ պատկերներ՝ անվանական արժեքը արտահայտող թվերն ու բառերը, դիմանկարները տպագրված են բարձրադիր շերտ ունեցող ներկով, որի ռելիեֆը զգացվում է մատների ծայրով շոշափելիս:

Թղթադրամի դիտման անկյունը փոխելով ստուգվում են որոշ թղթադրամների (1000, 5000, 20000, 50000 և 100000 դրամանոց) վրա օպտիկապես փոփոխական ներկով տպագրված հատկանիշները, որոնք փոխում են գույնը, օրինակ 1000՝ կանաչից կարմիրի, 5000՝ կարմրամանուշակագույնից կանաչի, 20000 և 50000՝ մուգ շագանակագույնից մուգ կանաչի, 100000՝ մուգ մանուշակագույնից մուգ կապույտի և հակառակը:

Բացի այդ, թղթադրամների վրա փակցված հոլոգրամները կամ կինեգրամները պարունակում են տարբեր դիմանկարներ և զարդանախշեր, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց:

Օրինակ, 100000 դրամանոցի կինեգրամում թագավորի գլխի լուսապսակը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է աջից դեպի ձախ: 100000 թվի ներքևում գտնվող ստվերը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում շարժվում է վերից վար:

Մետաղադրամների իսկությունը ստուգելու համար անհրաժեշտ է ստուգել տվյալ անվանական արժեքի մետաղադրամի տրամագիծը, զանգվածը, եզրաշուրթը և համոզվել, որ դրանք համապատասխանում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին: Բացի այդ, մետաղադրամների վրա առկա պատկերները (անվանական արժեքն արտահայտող թիվը, գրառումները, թողարկման տարեթիվը, ՀՀ զինանշանը, զարդանախշերը) պետք է լինեն հստակ` իրենց ներհատուկ մանր էլեմենտների առկայությամբ: Մետաղադրամների իսկությունը ստուգելիս կարելի է հաշվի առնել նաև այն, որ 20, 50 և 100 դրամանոց մետաղադրամները պարունակում են երկաթ՝ ուստի կարող են ստուգվել մագնիսով:

ՀՀ դրամանիշերի իսկությունը ստուգելիս անհրաժեշտ է ստուգել մեկից ավելի պաշտպանական հատկանիշ, իսկ տարակուսանքի դեպքում համեմատել այն իսկական դրամանիշի հետ:

Հայաստանում կեղծ դրամանիշեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանց իրացնելը պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով:

Share