Բաժին. Տնտեսական

Տարածքային կառավարման և զարգացման նախարությունը սկսել է համայնքների տնտեսական զարգացմանը նպաստող ծրագիր

Համաշխարհային Բանկի համապատասխան միջոցներով՝ շուրջ 15 մլն դոլարի, համայնքների տնտեսական զարգացմանը նպաստող ծրագիր է սկսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Մեկ ամիս է, ինչ սկսել ենք մի կարևոր ծրագիր` համայնքների տնտեսական զարգացմանը նպաստող: Համաշխարհային Բանկի համապատասխան միջոցներով՝ շուրջ 15 մլն դոլարի ծրագիր ենք սկսել, որի առաջին կանգառը Շիրակի մարզն է: Շիրակի մարզից 32 ծրագիր արդեն ներկայացված է Տարածքային զարգացման հիմնադրամ: Ծրագրերը պատրաստվել են մեր նախարարության համապատասխան մասնագետների կողմից, մարզպետարանի աշխատակիցների մասնակացությամբ, փոքր ու միջին ձեռնարկությունների օգնությամբ: 32 ծրագրերի առաջին 4 ծրագրերը ընդունվել են և ֆինանսավորվում են: Դրանք հիմնականում Ամասիայում, Արփիում, Ղուկասյանում և Սարապատ խոշորացված համայնքերում իրականացվելիք ծրագրերն են»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

Նա ընդգծեց, որ ընդհանուր 15 մլն դոլարի 30 տոկոսն իրենց պահանջով, ՀԲ-ի համաձայնությամբ` ուղղվելու է սոցիալական ծրագրերի իրականացմանը` մանկապարտեզ, առողջապահական կենտրոն, համայնքային կենտրոն և այլն, իսկ 70 տոկոսը՝ տնտեսական ծրագրերի իրականացմանը: Լոքյանը հավելեց, որ ժամանակն է ունենալ ուժեղ տնտեսություն համայնքերում:

Share