Բաժին. Տնտեսական

Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը

Հոկտեմբերի 13-ին երկարատև ընդմիջումից հետո կրկին մեկնարկեց «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ» բաց դասախոսությունների շարքը, որի առաջին խոսնակներից մեկն էր Արթուր Ջանիբեկյանը: «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ» նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի և «Երևան Փրոդաքշնի» համատեղ նախաձեռնությամբ:

Բաց դասախոսության առաջին խոսնակը Արթուր Ջանիբեկյանն էր` Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ընկերության ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի ղեկավար, «ТНТ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, «Մշակութային վերածնունդ» և «Ինտելեկտուալ վերածնունդ» հիմնադրամների հիմնադիր, բարեգործ, հասարակական ու բարեգործական բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ և աջակից: Նա փորձեց լսարանի հետ կիսվել իր սեփական փորձով ձեռք բերած հաջողության բանաձևը, միևնույն ժամանակ պնդելով, որ այդ բանաձևը կարող է նաև վիճելի լինել, քանի որ ամեն մարդ իր հայեցակարգն ու պատկերացումները ունի նպատակին հասնելու ճանապարհին ընտրություն կատարելիս:

Ներկայացնում ենք Արթուր Ջանիկբեկյանի հաջողության բանաձևի մի քանի գաղտնիքները:

Ընտրիր ճիշտ գործընկեր

Գործընկերը պետք է լինի ձեզնից ուժեղ, դա կկրնապատկի ձեր հաջողությունները: Մի զլացեք ձեզնից ուժեղ գործընկեր ընտրելուց: Գործընկերների մասնագիտական որակների տարբերությունը նույնպես էապես ազդում է բիզնեսի հաջողության վրա: Սա ֆունդաենտալ գործոն է. հարկավոր է, որ երկու գործընկեր երկու տարբեր ֆունկցիա կատարեն: Եթե երկարատև բիզնես եք նախագծում, ապա պետք է վստահ լինեք, որ միանշանակ կունենաք կոնֆլիկտ, եթե ձեր երկուսիդ ֆունկցիաները նույնն են:

Ընտրիր ճիշտ ենթագործակալ (կոնտրագենտ)

Ենթագործակալն այն օղակն է, առանց որի ձեր բիզնեսը չի կայանա: Ճիշտ ենթագործակալը նույնպես ձեր հաջաղության գաղտնիքներից է: Ճիշտ ենթագործակալ ընտրելիս առաջնորդվեք ոչ միայն դիմացինի պրոֆեսիոնալ հատկանիշներով, այլ, ավելի առաջնային մարդկային հատկանիշներն են, ենթագործակալը պետք վստահություն ներշնչի, նրա աչքերը պիտի վառվեն։

Ընտրիր բիզնեսի ճիշտ ուղղություն, մասշտաբ և աշխարհագրություն

Մրցունակ գաղափարի ստեղծումը հաջողության առաջնային գործոններից է, հարկավոր է այնպիսի գաղափար կյանքի կոչել, որն ունի լայն աշխարհագրական տարածում, ունենա կապ բջային հեռախոսի և ինտերնետի հետ, լինի օրիգինալ:

Ունեցիր հոգևոր ֆունդամենտ

Ցանկացած գործունեության, այդ թվում նաև բիզնեսի հիմքում, հոգևոր ֆունդամենտն է: Կլինի դա ընտանիքը, հավատքը, կամ խիղճը, ձեր բիզնեսը պետք է կառուցվի այդ ֆունդամենտի վրա, որպեսզի ամուր լինի:

«Հաջողության բանաձև» նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ, օգնել խորհուրդներով և ուղղորդել իրական պատմությունների օրինակներով: Վարպետության դասընթացների ժամանակ տարբեր ոլորտի հայտնի ու հաջողակ մարդիկ կիսվում են իրենց սեփական փորձով, պատմում են հաջողության ճանապարհին ունեցած մարտահրավերների մասին, թե ինչպես են հաղթահարել դրանք և հուշում են ինչպես շրջանցել դժվարություններից: Հյուրերն իրենց օրինակով ցույց են տալիս ինչպես կարելի է հաջողության հասնել այս կամ այն ոլորտում և թե որոնք են այդ հաջողության բաղադրիչ մասերն ու գաղտնիքները: Այս նախագծի շրջանակում Հայաստան են գալիս մարդիկ, որոնց գլխավոր հարստությունն անձնական փորձն ու անցած ճանապարհն է, և այն հասանելի է դառնում հայ հանրությանը: «Հաջողության բանաձևի» դասընթացները անվճար են մասնակիցների համար:

Տեսանյութը՝ 168 Ժամ

 

Share