Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ․ Արտակ Շաբոյանը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է մրցակցությանն առնչվող հարցեր

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների, ինչպես նաև վերջիններիս անդամ հանդիսացող մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակը հասարակական կազմակերպությունների անդամների հետ մրցակցային խնդիրներին առնչվող հարցերի քննարկումն էր:

ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը իր խոսքում նշել է, որ Հանձնաժողովի համար շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը, որն արդյունքում բերում է նոր խնդիրների վերհանմանն ու լուծմանը. «Դուք բոլորդ գիտեք, որ Հանձնաժողովի ռեսուրսները սահմանափակ են, և միայն սեփական նախաձեռնությամբ, բնականաբար, հնարավոր չէ վերհանել դաշտում առկա բոլոր խնդիրները: Այդ իսկ պատճառով մեզ համար նման համագործակցությունը միայն ողջունելի է, այն կբերի առավել արդյունավետ աշխատանքին ու դաշտի էլ ավելի բարեփոխմանը»:

ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվեցին պետական գնումների, պետական օժանդակության, իրական շահառուների բացահայտման, ինչպես նաև մրցակցային օրենսդրության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:

Share