«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն ակնկալում է, որ Հայաստան մատակարվող ռուսական գազի ծավալները կմեծանան՝ հաշվի առնելով նաև այն, որ 2018 թվականին գազի սակագնի հարցում փոփոխություններ չեն լինելու: Այդ մասին Միլլերն ասաց կառավարությունում լրագրողների հետ զրույցում:
«Մենք մեր հերթին հույս ունենք, որ Հայաստան մատակարարվող գազի ծավալները կմեծանան 2018 թվականին: Մենք այդ միտումները նկատել ենք 2017 թվականին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ հավելելով, որ նախատեսում են, որ 2018-ին գազի ծավալները կշարունակեն մեծանալ՝ հասնելով 2․1 միլիարդ խորանարդ մետր: «Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, քանի որ էներգիայի և գազի ծավալների մեծացումը տնտեսության զարգացման մասին է խոսում»,- ասաց նա:
Ալեքսեյ Միլլերը համոզմունք հայտնեց՝ Հայաստան մատակարարվող գազի ծավալները տարեցտարի կավելանան: «Բացի այդ, մենք տեսնում ենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը՝ հինգերերդ բլոկը, մեծացնում է էլեկտրաներգիայի արտադրության ծավալները»,- նկատեց նա և այդ փաստը գնահգատեց դրական:
Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում այն քննարկումներին, ըստ որոնց, Հայաստանը հնարավոր է գազ գնի Իրանից, Ալեքսեյ Միլլերը պատասխանեց, որ հենց «Հրազդան» ՋԷԿ-ի ծավալների մեծացումը կապված է իրանական գազի հետ փոխանակման համաձայնության հետ՝ գազ-էլեկտրանէրգիայի դիմաց համաձայնության շրջանակներում: