Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայանն ընդունել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովին:

Նախարար Կարայանը նշել է, որ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու՝ հայ-ղրղզական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար, քանի որ ներկայիս առևտրաշրջանառության տեմպերը և ծավալները գոհացուցիչ չեն երկու կողմերի համար:

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հանդիպման համար և նշել, որ երկու երկրների տնտեսություններն ունեն մի շարք ընդհանրություններ, և այս համատեքստում համագործակցության լուրջ ներուժ կա:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Ղրղզստանին ԵՄ GSP+ համակարգին միանալու հարցում` կիսվելով փորձով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև աջակցելու միմյանց և խորացնելու փոխգործակցությունը ինտեգրացիոն միավորներում, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում:

Share