Բաժին. Տնտեսական

5000-10000 եվրոյի դրամաշնորհներ՝ Գյումրիում գործող ՏՏ 7 ընկերության

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և համապատասխան կառույցների այլ ներկայացուցիչներ:

Դեսպան Սվիտալսկին իր ելույթում ընդգծեց նման ծրագրերի կարևորությունը՝ ասելով. «EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական միությունն աջակցում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթան»:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կարևորելով նախագիծը, փաստեց, որ ծրագիրը փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն առաջնային է Հայաստանի համար:

Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիմնված լաբորատորիան մարզի 17-35 տարեկան գործազուրկների համար կկազմակերպի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը, որը ներառելու է շուրջ 200 մասնակցի, համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց՝ մարդկային ռեսուրսների պահանջարկը, և դրա հիման վրա կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել են ավելի քան 50 մարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն պոտենցիալ գործատուների կողմից տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ:

Բացման ելույթներին հետևեց կարճատև շրջայցը, որի ընթացքում լսարանին ներկայացվեց լաբորատորիայի նպատակը և գործառույթները: Շրջայցից հետո նախագիծը հայտարարեց ենթադրամաշնորհի արդյունքները: 7 տեղական ՏՏ ընկերություններ 5000-10000 եվրոյի սահմաններում դրամաշնորհներ կստանան` իրենց գործունեության ընդլայնման և ծրագրի աշխատակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:

Արմենուհի Մխոյան

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share