Բաժին. Տնտեսական

«Ինչպե՞ս խնայել». 6 կարևոր խորհուրդ նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել գումար տնտեսել

Գումար խնայելն այնքան էլ դյուրին չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Եթե Դուք չունեք անսահմանափակ եկամուտ, բայց ունեք նպատակներ՝ ապագա մեծ գնումների և տարաբնույթ խոշոր ծախսերի հետ կապված, ապա, ամենայն հավանականությամբ, մտածել եք՝ որն է գումար խնայելու ամենաարդյունավետ տարբերակը:

Այն, որ խնայողություններ կատարելը լավ գաղափար է, անվիճելի է: Անկախ այն բանից՝ խնայողությունները նախատեսվում են կրթության, ճանապարհորդության, ավտոմեքենա ու բնակարան գնելու կամ այլ նպատակների համար, անհրաժեշտ է ցուցաբերել ճիշտ մոտեցում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:

Ամերիկյան Forbes պարբերականը հարցում է իրականացրել անձնական ֆինանսների կառավարման ոլորտի մասնագետների և ֆինանսական խորհրդատուների շրջանում՝ պարզելու համար, թե որն է գումար խնայելու լավագույն տարբերակը: Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել գումար տնտեսել, «Բիզնես 24»-ը առանձնացրել և ներկայացնում է ամենակարևոր խորհուրդները.

1. Հետևեք Ձեր ծախսերին / Ոչ բոլորն ունեն ճիշտ պատկերացում իրենց եկամուտների և ծախսերի մասին, այնինչ անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման համար պարտադիր է հետևել եկամուտներին և ծախսերին: Եթե ցանկանում եք սովորել ճիշտ խնայել և Ձեր խնայողությունների համար սահմանել եք հստակ նպատակներ, ապա սկսեք կառավարել Ձեր ֆինանսները՝ հաշվարկելով ծախսերը և այդ ծախսերի անհրաժեշտությունը: Հաճախ մենք կատարում ենք ծախսեր, որոնց անհրաժեշտությունն այնքան էլ մեծ չէ, մինչդեռ այդ ծախսերի կրճատմամբ կարելի է մեծացնել խնայողությունները: Այսպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս միշտ հետևել ծախսերին և ցանկացած գնում կատարելիս հաշվարկները կատարել միայն երկարաժամկետ կտրվածքով:

2. Խնայողություններ կատարելը դարձրեք ավտոմատ / Ձեր եկամուտներն ու ծախսերը հաշվարկելուց և երկարաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով անձնական բյուջեն կազմելուց հետո սահմանեք նաև խնայողություններ կատարելու հստակ ժամանակացույց: Սա ամենապարզ և արդյունավետ լուծումն է խնայողություն կատարելու սովորույթ ձեռք բերելու համար: Հնարավորինս հետևեք Ձեր իսկ կողմից սահմանված ժամանակացույցին և կախված Ձեր անձնական եկամուտներից՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով աշխատավաձից և այլ եկամուտներից որոշակի գումար ավելացրեք խնայողություններին: Կարող եք վստահ լինել, որ պարբերական սկզբունքով խնայողությունները կօգնեն առավել արդյունավետ խնայել գումար և արագ հասնել նպատակներին:  

3 Հնարավորինս խուսափեք վարկերից ու պարտքերից / Տարաբնույթ սպառողական վարկերն ու պարտքերը սահմանափակում են խնայելու հնարավորությունները: Եթե ցանկանում եք խնայել, ապա պատրաստ եղեք որքան հնարավոր է շուտ ազատվել բոլոր տեսակ «ոչ կենսական» պարտքերից ու վարկերից: Անհրաժեշտ և պարտադիր պայման է հասկանալ՝ որքան էլ գրավիչ թվան վարկերը, դրանց դիմաց տոկոս վճարելու փոխարեն կարելի է շահել խնայողություններ կատարելով: Սովորեք ծախսել քիչ և  խուսափեք պարտքերից: Վարկերից և պարտքերից ազատվելու համար կարելի է կազմել ժամանակացույց և մեկ առ մեկ մարելով պարտքերը՝ մոտենալ ցանկալի արդյունքին: Վարկերից և պարտքերից ազատվելու արդյունավետությունն ու դրական ազդեցությունն առավել զգալի կլինի երկար ժամանակահատվածի կտրվածքով:

4 Ընտրեք մեկին, ով կօգնի կերահսկել Ձեր խնայողությունները / Խնայողությունների հարցում Ձեզ կարող է օգնել ընկերներից կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը՝ պարզապես հետևելով Ձեր ծախսերին և հիշեցնելով խանայողության մասին: Եթե ունեք հստակ սահմանված նպատակ և Ձեր խնայողությունները կատարում եք այդ նպատակին հասնելու համար, ապա վստահ եղեք, որ Ձեզ «հետևող աչքերը» կօգնեն խնայել հնարավորինս մեծ գումար:

5 Սկսեք փոքր գումարից / Ձեր խնայողությունները սկսեք ավելի փոքր նպատակային գնումների և ծախսերի համար, քանի որ այս դեպքում Ձեր նպատակին հասնելու համար կպահանջվի ավելի քիչ ժամանակ, իսկ հաջորդ խնայողությունները կատարելու համար կունենաք առավել մեծ մոտիվացիա, և արդեն իրագործված նպատակը Ձեզ համար կլինի ոգեշնչող օրինակ: Բացի այդ, հիշեք՝ խնայողությունների հարցում ամենակարևոր գործոններից մեկը ժամանակն է. որքան երկար ժամանակային կտրվածքով եք խնայողություններ անում, այնքան արդյունքներն ավելի նկատելի և ոգևորիչ են:

6 Գնահատեք Ձեր ունեցածը / Ընդհանուր առմամբ, խնայել նշանակում է ունենալ անկոտրուն կամք, ձգտում և տարբերվող մտածելակերպ: Գնահատեք այն ինչ ունեք և շարժվեք Ձեր նպատակների հասնելու համար՝ հնարավորինս շրջանցելով բոլոր «կեղծ» ակցիաները, «աննախադեպ» զեղչերն ու «բացառիկ» առաջարկները:

Share